Wednesday 5 February 2014

2. ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ: ՆԱԽԱԲԱՆ



2. Հիսուս Քրիստոս

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:

Հովհաննես Ա. 1-6
Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր։2 Նա սկզբից Աստծու մօտ էր։ 3Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է։ 4Կեանքը նրանով էր։ Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր։ 5Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց։ 6Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս։


Ավետարանը Հիսուսի գործերի պատմությունն է և վարդապետությունների ամփոփումը: Ղուկասն իր Ավետարանի նախաբանում հայտնում է այդ մասին, և նրան, ում գործերը և խոսքերը պիտի գրեր, անվանել է Բան: Ըստ Ղուկասի, Բանը անձ էր, քանզի նրան տեսնողները և հետևողներ էին եղել. ինչպես գրում է. ‹‹Բանի ականատեսներ և սպասավորներ եղան›› Ղուկ. Ա. 2: Ո՞վ էր ուրեմն Բանը:
Այս հարցին պատասխանում է Հովհաննեսը, գրելով, թե Բանը սկզբից էր, այսինքն` հավիտենականությունից: Աշխարհի համար ասված է, թե այն Աստված ստեղծեց սկզբում, այսինքն` չարը չկար` և եղավ: Սակայն Բանը սկզբից էր, այսինքն` միշտ էր, և չեղավ մի ժամանակ, երբ նա չլիներ: Ավելի բացահայտելու համար Հովհաննեսն ավելացնում է, թե` Բանն Աստծո հետ էր, և Աստված էր. Բանը բոլոր արարածների ստեղծողն էր և առանց Բանի ոչինչ չի ստեղծվել, ամեն ինչի կյանքը Բանն է, լույսն է մարդկանց, և խավարից անսահման է, և խավարը Նրան ոչ ճանաչում է, ոչ էլ` ընդունում:
Այսպես պարզ է դառնում, որ Հիսուս Քրիստոսն է, Քրիստոս` Բանն է, և Բանն էլ` Աստված է: Այս կերպ Ղուկասն ու Հովհաննեսն իրենց Ավետարանների սկզբում որոշակիորեն հայտնում և վկայում են Քրիստոսի Աստվածությունը, որն էլ մեծապես օգտակար է` ճանաչելու համար ավետարանական պատմությունների և  վարդապետությունների բուն ոգին ու իսկությունը:
Հիսուսի պատմությունն սկսելուց առաջ, պետք է նախ Նրա Կարապետի պատմությունն սկսել, որը թե ժամանակով էր առաջ, և թե Նրա գործերի ու վարդապետությունների ճանապարհը բացողն էր: Հովհաննես Ավետարանիչը պարզապես ակնարկում է Կարապետին, հայտնում նրա անունը` Հովհաննես, սակայն նրա ծննդյան և ծագման մասին լռում է:

No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...