Friday 7 February 2014

4. ՂՈՒԿԱՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ։ ՄԱՐԻԱՄԻ ԱՎԵՏՈՒՄԸ

Ղուկ. Ա. 26-38
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:

26Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, 27մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից։ Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր։ 28Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»։ 29Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը։ 30Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար։ 31Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես։ 32Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի։ Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, 33ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»։ 34Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։ 35Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի։ 36Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած. 37որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկայ»։ 38Եւ Մարիամն ասաց. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»։ Եւ հրեշտակը հեռացաւ նրանից։ 

Դեռ չխոսած Հիսուսի մասին, հարկ էր լրացնել Կարապետի պատմությունը, բայց Ղուկասը, հետևելով ժամանակագրությանը, դնում է Մարիամի ավետումը: Մենք ևս պահում ենք այդ նույն կարգը:
 Զաքարիայի ավետման վեցերորդ ամսին, որ ընկնում է հռովմեական 749 թվականի ապրիլ ամսվա սկզբին, Գաբրիել Հրեշտակապետը նոր առաքելությամբ ուղարկվում է ոչ թե Հրեաստանի Քեբրոն, այլ` Գալիլիայի Նազարեթ քաղաքը ¥այժմ Նասարա¤, որտեղ ներկայանում է Մարիամ անունով մի կույսի, որը նշանված էր Դավթի ցեղից մեկի` Հովսեփի հետ: Թե՛ Մարիամի, և թե՛ Հովսեփի մասին Ավետարանը որևէ բացատրություն չի տալիս, չի նշում, թե ովքեր են և ինչ հանգամանքներում էին ապրում: Սակայն այս տեղեկությունները լրացնում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում հավասարապես ընդունելություն գտած ավանդությունները:
  Մարիամը Դավթի ցեղից Հովակիմ կամ Եղիակիմ անունով մեկի զավակն էր: Նրա կինն Աննան էր` Մաթան քահանայի դուստրը: Հովակիմն ու Աննան ևս անզավակ էին ծերացել և միայն ծերացած տարիքում, աղոթքի և ուխտի շնորհիվ, ունեցել էին մի զավակ` Մարիամին: Իրենց ուխտի համաձայն, երեք տարեկան Մարիամին ընծայել էին Տաճարին` նրա դաստիարակությունը հանձնելով նվիրյալ այրիների խնամքին, որպեսզի կրթվի և ծառայի Տաճարին: Չափահաս, այսինքն` 12 տարեկան դառնալուց հետո, Մարիամը վերադարձել էր ծնոողների տուն` Նազարեթ և որոշ ժամանակ անց նշանվել էր Հովսեփի հետ:
    Հովսեփը, թեև սերել էր Դավթի արքունական ցեղից, սակայն իշխանական դիրք ունեցող անձնավորություն չէր, այլ` մի համեստ հյուսն ¥ՄՏԹ. ժԳ. 55¤ և բնակվում էր Նազարեթում: Հովսեփի և Մարիամի նշանադրության առիթով ևս ավանդությունը հիշատակում է, թե շատերն էին ցանկանում Մարիամին կնության վերցնել, բայց Հովակիմն ու Աննան չկամեցան իրենց ուխտի զավակին մեկին տալու որոշումն անձամբ կայացնել, այլ` հանձնեցին Աստծուն և այս առիթով նորոգվեց Ահարոնի գավազանի ծաղկելու հրաշքը ¥ԹՎՈՑ.ԺԷ 8¤: Ծաղկեց Հովսեփի գավազանը, որն էլ Մարիամի հետ նշանվելու բախտին արժանացավ:
  Գաբրիելը հայտնվեց Մարիամին: Ավետարանը չի ճշտում, թե ինչ կերպարանքով և որտեղ երևաց և անիմաստ է զանազան ավանդություններ կամ ենթադրություններ հիշատակելը: Հրեշտակը նրան ավետեց, որ ընտրվել է որպես Մեսիայի կույս մայր, պետք է հղանա, ունենա որդի և անունը Հիսուս դնի, որը լինելու է Փրկիչ և Երկնքի Արքայության Հավիտենական Թագավորը: Մարիամը զարմացավ և հարցրեց, թե ինչպե±ս պետք է մայրանա, երբ մշտապես կույս է: Հրեշտակը` իբրև բացատրություն, հիշեցրեց Սուրբ Հոգու զորության մասին` ավելացնելով, որ Աստծո հրաշքով Եղիսաբեթն իր ծերության օրերին հղացավ:
Ճիշտ նույն կերպ, Աստծո հրաշքով, նա պիտի հղանար` կույս մնալով: Մարիամն իր զարմանքը Զաքարիայի նման թերահավատությամբ չդրսևորեց, այլ, ընդհակառակը, իրեն պատրաստակամորեն ընծայաբերեց Աստվածային կամքի կատարմանը: «Ես,-ասաց,-Աստծո ամենահետին աղախինն եմ: Նա ինչպես կամենա, կարող է վարվել ինձ հետ: Ես պատրաստակամ եմ Նրա հրամաններին, որոնք դու ես ինձ հաղորդում››: Այսպիսով, Մարիամը ո՛չ հանդիմանության արժանացավ, ո՛չ էլ` պատժի: Իսկ Գաբրիելը, իր պարտականությունը կատարած համարելով, հեռացավ Մարիամի մոտից:


No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...