Saturday 22 February 2014

14. ԾՆՆԴՅԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԸ

ՂՈՒԿ. Բ 22-38
 Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:
22Երբ որ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար, 23ինչպէս գրուած էր Տիրոջ Օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի»։ 24Եւ Տիրոջ Օրէնքում ասուածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ։ 25Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար, եւ այդ մարդը արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. եւ Սուրբ Հոգին էր նրա մէջ։ 26Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր իրեն մահ չտեսնել, մինչեւ որ տեսնէր Տիրոջ Օծեալին։ 27Նա Հոգով առաջնորդուած՝ եկաւ տաճարը, եւ երբ ծնողները բերին Յիսուս մանկանը՝ նրա վրայ կատարելու ինչ որ օրէնքի սովորութեան համաձայն էր, 28Սիմէոնը նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն եւ ասաց. 29Եւ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խօսքերի համար, որ ասում էին նրա մասին։ 30Սիմէոնը նրանց օրհնեց եւ ասաց նրա մօրը՝ Մարիամին. «Ահա՛ սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման եւ նշան՝ հակառակութեան։ 31Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»։ 32Եւ այնտեղ կար մի մարգարէուհի՝ Աննա անունով՝ Փանուէլի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն եօթը տարի էր ապրել՝ սկսած իր կուսութիւնից։ 33Նա մօտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։34Սա եւս նոյն ժամին վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը եւ խօսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէմի փրկութեանն էին սպասում։ 35Եւ երբ ամէն ինչ կատարեցին Տիրոջ Օրէնքի համաձայն, վերադարձան Գալիլիա, իրենց քաղաքը՝ Նազարէթ։ 36Եւ մանուկը աճում ու զօրանում էր՝ լի իմաստութեամբ. եւ Աստծու շնորհները նրա վրայ էին։ 37Արդ, նրա ծնողները ամէն տարի, Զատկի տօնին, Երուսաղէմ էին գնում։  38Եւ երբ նա տասներկու տարեկան եղաւ, տօնի սովորութեան համաձայն՝ Երուսաղէմ ելան։

Ութերորդ օրը թլպատելու օրենքի հետ, արու զավակ ծնած մայրերին տրվել էին նաև քառասուներորդ օրը սրբվելու օրենքը: Նախ՝ յոթ օր պետք է սպասեին իբրև անմաքուր, ութերորդ օրը պետք է թլպատեին տղային, երեսուներեք օր ևս պետք է սպասեին և քառասուներորդ օրը պիտի գնային տաճար՝ սրբվելու, «ողջակեզի» համար տանելով մեկ տարեկան մի գառ և երկու տատրակ և մի աղավնի՝ «վասն մեղաց» զոհաբերության համար: Իսկ եթե ծնողներն աղքատ էին, տանում էին միայն երկու տատրակ և երկու աղավնի՝ մեկը «ողջակեզի» և մյուսը՝ «վասն մեղացի» համար (Ղևտ. ԺԲ, 1-8):
Մեկ հատուկ օրենք էլ կար անդրանիկ արուների համար: Եգիպտացիների անդրանիկներին հարվածելու հետ կապված, Աստված հրամայել էր, որ հրեա բոլոր անդրանիկները՝ թե´ մարդ և թե´ անասուն, ընծայվեն Իրեն (Ելք ԼԴ 19-20), այսինքն հատկացվեն Աստծո տաճարի ծառայությանը: Բայց երբ հրեաները Ոսկե հորթը շինեցին, և Աստված ցանկացավ պատժել նրանց,  Ղևիի ցեղը  գործակցեց Մովսեսին՝ հորթապաշտներին պատժելու համար (Ելք ԼԲ 26), և սկսյալ այս շրջանից, Ղևիի ցեղն ամբողջությամբ՝ մարդկանցով և անասուններով ընտրվեցին Աստծո ծառայության համար, իսկ մյուս ցեղերի բոլոր արուները ազատվեցին այդ ծառայությունից (Թվեր Գ 12), բայց ոչ ձրիաբար. յուրաքանչյուր անդրանիկ ունեցողը պարտավոր էր իր անդրանիկի համար փրկագին վճարել ղևտացիներին: Փրկագինը ղևտացիներին պիտի պատկաներ, իսկ ղևտացիներն՝ Աստծուն: Իսկ որպես փրկագնի չափ՝ առաջին անգամ որոշվեց հինգ սիկղ արծաթ. յուրաքանչյուր սիկղը  քսան դանկիի (հռոմեական պղնձե դրամ) չափով, որին համարժեք է չորս ու կես դրամ արծաթ (Թվեր Գ 47): Սակայն հետագայում սովորություն դարձավ, փրկագինը որոշել ըստ յուրաքանչյուրի կարողության և փոխադարձ համաձայնության:
Այդ երկու  օրենքների գործադրումը, սովորաբար, միասին էին կատարում քառասունքի առթիվ և ավետարանիչն էլ երկուսն իրար էր միացնում, երբ պատմում էր Հիսուսի և իր մոր՝ քառասունքի համար Երուսաղեմ գալու մասին: Տարեկան գառի ողջակեզը նույնիսկ չի հիշում, որովհետև Հովսեփը և Մարիամը ունևորների կարգից չէին: Նույն համեմատությամբ փրկագնի նվերը ևս մեծ բան չէր կարող եղած լինել: Օրինական գործողությունների մասին ավետարանը մանրամասնություններ չի հիշում, որովհետև նրանց պայմանները հայտնի են, այլ ուշադրություն է դարձնում երկու անակնկալ պարագաների վրա, որոնք եղան Քրիստոսի հայտնության փաստերը: Այդ անակնկալ դեպքերի գլխավոր դեմքերն են Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին: Ավետարանի մեջ Սիմեոն ծերունին պարզապես կոչվել է «այր մի»: Չի ասվում, թե ծեր էր, չի ասվում, թե քահանա էր, սակայն, այդ երկու հանգամանքներն էլ ընդունված են ավանդությամբ և ավետարանն էլ նպաստավոր է ավանդությանը: Սիմեոնի մասին ասված է, թե «նորա հրաման առեալ ի Հոգւոյն Սրբոյ՝ մի´ տեսանել զմահ մինչեւ տեսցէ զՕծեալն Տեառն» և այդ հիշատակությունը, թե Սիմեոնը խոստացված Մեսիային տեսնելու համար էր դեռ ապրում, բավական էր ցույց տալու համար, թե մի ծերունի էր, գոնե իննսունամյա, եթե ոչ ավելի: Ոմանք ասում են, թե Սիմեոնը մեկն էր այն յոթանասուն թարգմանիչներից, որոնք Ալեքսանդիրիայում թարգմանեցին Սուրբ Գիրքը եբրայեցերենից հունարեն, իսկ «Ահա կոյս յղասցի» մարգարեության վրա զարմանալու համար, մինչև մարգարեության կատարումն ապրելու և իրականացումը տեսնելու երկնային հրամանն ընդունեց: Արդ՝ Յոթանասնից թարգմանությունը կատարվեց Քրիստոսից 285 տարիներ առաջ, և եթե ընդունենք, որ Սիմեոնը թարգմանությունը կատարելիս  35 տարեկան էր, ապա գոնե 320 տարեկան պիտի եղած լիներ, որն էլ ոչ մի տեղ չի հաստատված, և նույնիսկ ճշմարտանման չէ և հավատք չի ներշնչում: Սիմեոնին՝ իբրև Հիլելի որդի և իբրև Գամաղիելի հայր կարծողներն էլ հավանականությունից այն կողմ չեն անցնում:
Սիմեոնի քահանա լինելուն նպաստում է Ավետարանը, չհիշելով ուրիշ օրինակատար քահանա. և օրինական գործողության կատարումը վերագրում է ուղղակի Սիմեոնին. «Իբրեւ ածին ծնողքն զմանուկն Յիսուս առնել նոցա ըստ սովորութեան օրինացն ի վերայ նորա, եւ նա առ ընկալաւ զնա ի գիրկս իւր»: Ավետարանի «եկն հոգւովն ի տաճարն» ասելը, և ոչ թե իբր հերթապահ քահանա այնտեղ գտնված ցույց տալը, մեծ դժվարություն չի ստեղծում, որովհետև շատ ավելի զորավոր է իբր օրինակատար պաշտոնյա գործելու փաստը:
Սիմեոնն այս առթիվ մի օրհնաբանություն հղեց առ Աստված, խնդրելով, որ Աստված իրեն վերջապես ազատի այս կյանքի կապանքներից, քանի որ վերջապես արժանացավ իր աչքով տեսնել խոստացված Փրկչին: Հետո մարգարեական հոգով հայտարարեց, թե ընծայված այդ մանուկն է , որը պիտի դառնա Աստծո պատրաստած փրկությունը՝ հեթանոսների լույսը և Իսրայելի փառավորությունը: Եվ երբ Հովսեփն ու Մարիամը զարմացած լսում էին նրա ներշնչող խոսքերը, Սիմեոնը դարձավ Մարիամին և մարգարեական հոգով գուշակեց  Հիսուսի կյանքի և Մարիամի վշտերի պարագաները և ասաց. «Հիսուսը, ինչպես իրեն հավատացողներին կանգնելու պատճառ պիտի լինի, այնպես էլ չհավատացողներին՝ գլորվելու. Իր անվան շուրջ հակառակություններ պիտի բորբոքվեն, և սրտերի գաղտնիքները պիտի հայտնի դառնան, և այս պատճառով Մարիամի սիրտն էլ ցավերով պիտի խոցոտվի»: Անշուշտ Մարիամի վրա ծանր ազդեցություն գործեցին այս գուշակությունները, սակայն, այնուամենայնիվ, չնվազեց այն զարմանքը, որ առաջացրել էին մարգարեական օրհնաբանությունները:
Մյուս սքանչելի պարագան Աննա մարգարեուհու  օրհնաբանությունն է:
Արդեն հիշեցինք, թե տաճարի մեջ ապրում էին այրիներ, որոնք տաճարի պաշտամունքի հետ խնամում էին նաև նվիրյալ կույսերին և աղջիկներին (§ 4): Սրանց գլխավորը երևում է եղել է Աննա անունով մի այրի՝ Փանուելի դուստրը, Ասերի ցեղից, 84 տարեկան մի կին, որ ամուսնությունից յոթ տարի հետո դարձել էր այրի և առանձնացել տաճարում: Ավետարանի խոսքը, թե «էր այրի ամաց իբրև ութսուն եւ չորից» ոմանք կարծում էին, որ ութսունչորս տարիներ շարունակ այրի էր: Ենթադրելով, որ յոթը տարի ապրել է ամուսնու հետ և ամուսնացել գոնե 14 տարեկանում, կարելի է ասել, որ 105 տարեկան կին պետք է լիներ, որն անհնարին չէ, բայց հավանական մեկնություն էլ չէ: Աննան իր արիության տարիները միշտ տաճարի մեջ էր անցկացրել՝ շարունակ ապրելով պահոցողությամբ և անդադար աղոթքներով: Հենց այս Աննան էր, որ ներկա էր Հիսուսի ընծայմանն ու Սիմեոնի օրհնաբանությանը, իր հերթին լցված աստվածային ներշնչմամբ սկսեց օրհնություններ խոսել և նրանց, որ սպասում էին Մեսիայով խոստացված փրկությանը, ավետում էր ժամանակի լրանալու, Փրկչի՝ աշխարհ եկած լինելու մասին: Քանի որ այդ տնօրինությունները կատարվում էին Մարիամի զավակի վրա, ուստի Աննան իր գոհությունն էր հայտնում նրան, որ արժանացել էր այդ մեծ շնորհին: Ինչպես վերևում նշվեց, Մարիամը մանկության ինը տարիները անցկացրել էր տաճարի այրիների խնամքի տակ և ժամանակների համաձայնությունն էլ թույլ է տալիս ասելու, որ Մարիամն Աննայի խնամքի տակ է եղել: Եվ տեսնելով իր սանուհու ստացած մեծ շնորհը՝ Աննան հոգեպես հրճվում և ցնծում էր:
Ոմանց համար դիտողության նյութ է եղել Հովսեփի և Մարիամի մասին տրված «Ծնողքն նորա» և  «Հայր և Մայր նորա» բացատրությունները: Սակայն Ղուկասի գրչի ներքո, որ վերևում հանգամանորեն պատմել է կուսական հղության ավետիսը, որևէ այլ կարծիքի տեղիք չեն կարող տալ այդ խոսքերը, որոնք պարզապես արտաքնապես բացատրում են մարդկանց աչքին երևացող դիպվածները:


No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...