Monday 17 February 2014

11. ՂՈՒԿԱՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ։ ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ

 Ղուկ. Բ 6-20
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:

6Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, 7եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար։ 8Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում։ 9Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ 10Եւ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. 11որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է։ 12Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»։13Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. 14«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ»։ 15Եւ երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիւներն ասացին միմեանց. «Եկէ՛ք գնանք մինչեւ Բեթղեհէմ եւ տեսնենք, թէ ի՛նչ բան է այս եղածը, որ Տէրը մեզ ցոյց տուեց»։ 16Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուած մանկանը։ 17Եւ ճանաչեցին նրան այն խօսքից, որ իրենց ասուել էր մանկան մասին։ 18Եւ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրայ, որ հովիւները ասացին իրենց։ 19Իսկ Մարիամը այս բոլոր ասուածները պահում էր իր մէջ եւ իր սրտում խորհում։ 20Եւ հովիւները վերադարձան. փառաւորում եւ օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպէս իրենց պատմուել էր:

Երբ Հովսեփն ու Մարիամը հասան Բեթղեհեմ, իրենց համար պատրաստ և հանգիստ տուն չգտան, և նույնիսկ ուղևորների իջևանատան մեջ ազատ տեղ չէր մնացել: Ամեն կողմից եկած և խռնված բնիկ բեթղեհեմցիները տեղավորվել էին վատ թե լավ, իսկ Հովսեփն ու Մարիամը ուշացողներից էին: Այդ դժվարին և անհանգիստ պայմաններում, երբ Մարիամի օրերը լրացել էին, տեղի է ունենում Հիսուսի ծնունդը: Նորածնի խնամքի համար հազիվ խանձարուր պատրաստելու չափ լաթի կտորներ են գտնում, ծածկում, փաթաթում են և խանձարուրը դնում են իջևանատան ախոռի մեջ, անասունների մսուրի հարդի ու խոտի վրա  և ախոռը ծառայում է որպես բնակարան, իսկ մսուրն` օրորոց:

Ընդհանուր ավանդություն է` թե Հիսուս այրի մեջ է ծնվել, եկեղեցում էլ երգում ենք՝ ի սուրբ այրին բազմեցաւ և Բեթղեհեմի Ս. Ծնունդ կոչվող եկեղեցում էլ այսօր քարայրն են ցույց տալիս: Ավետարանը քարայրի մասին չի ասում, սակայն հնում, ինչպես նաև մինչև այսօր, գյուղերում քարայրներն են գործածվել որպես ախոռ, և պիտի ասենք, որ այդպես էլ եղավ այն իջևանում, ուր Հիսուս ծնվեց և դրվեց մսուրի մեջ:
Ծնունդը պատկերող նկարների մեջ, մսուրի կողքին, պատկերվում են նաև մի եզ և մի էշ, որոնք՝ ենթադրվում է, թե եղել են ախոռի մեջ, և նրանց շունչը ծառայել է Նորածնին խնամելու և տաքացնելու համար: Սակայն, ավելի ճիշտ, դա այլաբանություն է և ակնարկում է Եսայի մարգարեի բերանով Իսրայելի ժողովրդին ուղղված հանդիմանությունում. «Ծանեաւ եզն զստացիչ իւր եւ էշ զմսուր տեառն իւրոյ, եւ Իսրայէլ զԻս ոչ ծանեաւ» (ԵՍ. Ա 3):
Եթե մի կողմից այսպես անշուք և խոնարհ կերպով կատարվում էր Հիսուսի ծնունդը, որ ոչ մի ձևով չէր կարող որևէ ուշադրություն գրավել, ապա մյուս կողմից երկնային հրաշքը  հայտնում էր կատարված մեծ և սքանչելի խորհուրդի վեհությունը և ավետում աշխարհին: Բեթղեհեմի շուրջը գտնվող դաշտերում և բարձունքների վրա գիշերային ժամերին սփռված էին  ոչխարների հոտերը, և հովիվներն էլ բացօթյա ոչխարներին էին հսկում: Հանկարծ երկնքից լուսավոր մի տեսիլք երևաց նրանց աչքերին՝ «Փառք Տեառն ծագեցին առ նոսա», հովիվներն ահ ու դողի մեջ ընկան, սակայն մի հրեշտակ մոտենալով՝ քաջալերեց նրանց, ավետիս տվեց և ասաց. «Մի վախեցեք, ահա մեծ ուրախության ավետիս, որը ամբողջ ժողովրդի ուրախության առիթ պետք է լինի: Այսօր, այս ժամին, Դավթի քաղաքում Փրկիչը ծնվեց, որը խոստացյալ Մեսիան է: Ելեք և գնացեք այն տեսնելու, խանձարուրով փաթաթված մի տղա կգտնեք մսուրում, իմացեք, որ նա է, նրան ճանաչելու նշանը այդ է»: Հազիվ էր հրեշտակն այդ խոսքերն ասել, երբ լսվեցին երկնքի հրեշտակների խմբովին օրհնաբանության ձայները, որոնք երգում էին քաղցրաձայն և Աստծուն փառաբանում. և այս էին երգում. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»: Հրեշտակային օրհնաբանությունը մի պահ տևելուց հետո դադարեց. հրեշտակները երկինք բարձրացան, հովիվներն իրենց հիացումից սթափվեցին և սկսեցին իրար ասել. «Եկեք, քաղաք իջնենք և մեզ տրված երկնային ավետսիը ստուգենք»: Անմիջապես մի խումբ հովիվներ գալիս են Բեթղեհեմ, փնտրում ախոռները, և նրանցից մեկում գտնում են մսուրի մեջ դրված խանձարուրապատ Մանկանը, ինչպես նաև Մարիամին և Հովսեփին՝ մսուրի կողքին Նորածնի խնամքով զբաղված:
Հովիվները՝ լցված ուրախությամբ, որ իրենց ավետիսը իրականություն է, մեկ կողմից Նորածնին ընծայում են իրենց հարգանքը, մյուս կողմից՝ Մարիամին և Հովսեփին պատմում են իրենց տեսիլքը և տրված ավետիսը: Որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո վերադառնում են իրենց գործին՝ ոչխարներն արածեցնելու, բայց ում հանդիպում են, չեն դադարում լսածներն ու տեսածները պատմելուց, և իրենցից լսողներն էլ սկսում են իրենց պես ուրախանալ և Աստծուն օրհնել երկնային այցելության և ակնկալված փրկչի և խոստացված Մեսիայի ծնվելու համար:

Ղուկասը, որ այս բոլոր պարագաները պատմում է, մանրամասն ավելացնում է՝ թե Մարիամը բոլոր այս լսածները պահում էր իր սրտում և խորհրդածում: Այդ հիշատակությունն իսկ ցույց է տալիս, որ Ղուկասն իր գրածները լսել և իմացել է անմիջապես Մարիամից, և նրա վկայությամբ անցկացրել իր ավետարանի մեջ: Մատթեոսը շատ քիչ մանրամասներ է պատմում  Հիսուսի ծննդյան ժամանակի և ծնունդից առաջ կատարված պարագաների մասին, իսկ Մարկոսը բոլորովին չի խոսում Հիսուսի ծննդյան վերաբերյալ: Հայտնի ձևով չի ասված նաև, թե Մարիամն ու Հովսեփը տեսան երկնային տեսիլքը և լսեցին օրհնաբանությունները, թե ամեն բան իմացան միայն հովիվների պատմությունից: Սակայն «Մարիամ զամենայն զբանս զայսոսիկ պահէր» բացատրությունը, այսինքն՝ Մարիամը լսած այս բոլոր խոսքերը մտքում պահում էր՝ ասելը, ավելի շատ այն իմաստն է արտահայտում, թե Մարիամն ու Հովսեփը պարզապես տեսիլքի մասին ականջալուր են եղել: 

No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...