Wednesday 12 February 2014

10. ՂՈՒԿԱՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ։ ՆԱԶԱՐԵԹԻՑ ԲԵԹՂԵՀԵՄ

ՂՈՒԿ. Բ 1-5
 Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի «Համապատում» աշխատության:

Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ 2Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ 3Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։4Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, 5մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր։

Հովսեփն ու Մարիամը օրինական ամուսնությամբ միացած, բայց աստվածային հայտնության պատճառով զգուշանալով ամուսնական կենակցությունից, ապրում էին Գալիլիայի Նազարեթ քաղաքում, երբ քաղաքացիական պարտավորության պատճառով հարկադրվեցին ուղևորվել դեպի Պաղեստինի հարավակողմը` Բեթղեհեմ քաղաք: Հռոմեացիների Օկտավիանոս  Օգոստոս կայսրը, Հռոմի 747 թվականին ընդհանուր խաղաղություն էր հաստատել և հռոմեական ազգային արարողության համաձայն կատարել էր Հանոսի տաճարի փակումը՝ անընդհատ տևող պատերազմների պատճառով, 205 տարի շարունակ բաց մնալուց հետո: Այդ խաղաղությունից օգտվելով ամբողջ կայսրության մեջ աշխարհագիր, այսինքն՝ ազգահամար կատարելու հրովարտակ էր հանել: Հրեաստանը Հռոմի կայսրության իշխանության ներքո էր, և Հերովդեսը, թեև թագավորի անուն ուներ, բայց կուսակալից ավելի իշխանություն չուներ՝ արդեն իսկ այդ անվանումը լոկ կուսակալի շնորհումով էր ստացել: Հետևաբար, Հրեաստանն էլ հռոմեական ուրիշ նահանգների պես աշխարհագրի պարտավորության տակ էր գտնվում, Ասորիքի մեծ բդեշխ Կյուրենեսը կամ Կուիրինոսը որպես Ասորիքին պատկանող մի գավառի Պաղեստինի աշխարհագրի վրա էլ պաշտոն ուներ: Այս աշխարհագիրը պետք չէ շփոթել իբր տասը տարի հետո վերստին հռչակված աշխարհագրի հետ, ինչպես ոմանք իրար հետ խառնելով ուզում են դժվարություն ստեղծել: Ժամանակին պատմիչները երկու աշխարհագիրներին բաժանում են իրարից: Ղուկասը ևս զատորոշելով դնում է. «Այս առաջին աշխարհագիր եղեւ»:

Հռոմեական կայսրության մեջ աշխարհագիրները չէին ավարտվում լոկ մարդկանց հաշվելով, այլ այդ առիթով կարևոր տեղեկություններ էին հավաքվում ու կարգադրություններ արվում տուրքերի մասին. հպատակության երդումներ էին տրվում և ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք, եթե դիրք, կարևորություն և հարստություն ունեին՝ առանձին էին գրվում: Այդ նպատակով անհրաժեշտ էր, որ յուրաքանչյուրը, ոչ թե այնտեղ արձանագրվեր, որտեղ ապրում էր, այլ իր ծագման կամ ծննդյան վայրում պիտի անցներ աշխարհագրի տոմարների մեջ:
Հովսեփն աշխարհագրի համար պարտավորվեց Նազարեթից Բեթղեհեմ գնալ, ոչ միայն իր ծագման պատճառով՝ որպես Դավթի ցեղից սերած, այլև, հավանաբար, նաև իր ծննդյան պատճառով: Որովհետև ավանդությանը նայելով Հովսեփը ծնվել էր Բեթղեհեմում, ապա գնացել էր Նազարեթ և այնտեղ գործ և բնակություն հաստատել: Մարիամն էլ կարիք ուներ արձանագրվելու թե որպես Հովսեփի կինը և թե որպես Դավթի ցեղից սերված: Ուստի, երկուսն էլ միատեղ Նազարթեից ելան և բավականին կարևոր ճանապարհորդություն ձեռնարկեցին Բեթղեհեմ գնալու համար: Մարիամի հղի վիճակի պատճառով ճանապարհորդությունը չխափանվեց, որովհետև աշխարհագրի պայմանաժամը մոտ էր և այլևս հետաձգելու հնարավորություն չկար:

Ղուկասն այստեղ ևս Մարիամին կոչում է պարզապես Հովսեփի խօսեցեալը, նրա հղի լինելն էլ ավելացնելով, որպեսզի շեշտի կուսական հղության խորհուրդը և հեռացնի ամուսնական զուգակցության գաղափարը, ինչը որ առավել բացահայտորեն ասում է նաև Մատթեոսը, թե Հովսեփը «ոչ գիտէր զնա»՝ այսինքն՝ Մարիամին:

No comments:

Post a Comment

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է...